«Ավրորա» մրցանակաբաշխություն. մանրամասներ
Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ավրորա մրցանակի շնորհման արարողությունը ներգրաված է հայտնի արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Որոշված է նաև Ավրորա մրցանակի արձանիկը:
Tert.am-ը «Ավրորա» մրցանակաբաշխության շուրջ զրուցել է Ռուդոլֆ Խառատյանի և արձանիկի հեղինակ Մանվել Մաթևոսյանի հետ:
Մրցանակաբաշխության ընթացքում մի հատված կներկայացվի «Զույգ արեգակներ» բալետից, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա: Նրա խոսքով մարդկային կյանքի գերագույն իմաստն ինքնակատարելագործման ճիգով աստվածակերպ դառնալն է։
«Իմ առաքելությունն է արվեստի միջոցով մասնակցել համամարդկային արժեքների խթանմանը: Այսօր Հայաստան երկիրը «Ավրորա» մրցանակով ընդգծում է ժամանակակից աշխարհում իր մասնակցությունը մարդկային բարի գործի գնահատմանը»,-նշում է արվեստագետը:
Ինչ վերաբերում է «Ավրորա» մրցանակի արձանիկին՝ 12 մարդկային ֆիգուրները մեկը մյուսին փոխարինելով մեկ միասնություն են ստեղծում՝ խորհրդանշելով մարդկային կյանքի անընդհատությունն ու հոգևոր ուժի անվերջությունը: Հեղինակը Մանվել Մաթևոսյանը այն ներկայացրել է 2015թ. «Պատասխան՝ 100 տարի անց» նախագծում, ուր աշխատանքը հաղթող է ճանաչվել:
«Դեպի վեր ձգտող մարդկանց կերպարները իրենց մեջ հոգևոր արժեքների վերածնունդն են պարունակում, որը մարդկությանը միասնական գիտակցության և նյութական աշխարհի անկատարությունների դեմ պայքարի է մղում»,- բացատրում է հեղինակը, վերջում հավելելով, որ հաճելի է, երբ սեփական աշխատանքը սկսում է առանձին կյանքով ապրել:
