Կլիչկոն ընկել է հեծանիվից՝ աշխատանքի գնալու ճանապարհին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն աշխատանքի գնալիս ընկել է հեծանիվից, հաղորդում է Vesti.ua-ն։
«Կլիչկոյին ուղեկցում է թիկնազորը, սակայն դա էլ նրան չի ապահովագրել կիևյան ճանապարհներից, որոնք բացարձակ հարմար չեն երկանիվ տրանսպորտի համար»,-գրում է կայքը։
Նշվում է, որ քաղաքապետն ընկել է այն պահին, երբ նախկին բռնցքամարտիկը փորձել է հեծանիվով «ցատկել» մայթի վրա։
Ականատեսների համաձայն՝ անցորդները նետվել են օգնության, սակայն նա ինքնուրույն է բարձրացել, նստել է հեծանիվն ու շարունակել ճանապարհը։
Նա հեծանիվով երթևեկելու որոշում է կայացրել ապրիլի 19-ից։ «Բացասական կողմն այն է, որ մեքենաների ոչ բոլոր վարորդներն են հեծանվորդների նկատմամբ նորմալ վերաբերմունք դրսևորում։ Պետք է շտապ անցնել բացատրական աշխատանքի»,-նշել է նա։
Լրագրողների տվյալներով՝ Կլիչկոն երթևեկում է Gocycle հեծանիվով, որի արժեքը Կիևում սկսվում է 4500 եվրոյից։
