Կույր հնդիկը 7.5 մլն դոլար արժողությամբ ընկերություն է հիմնել (լուսանկարներ)
Երիտասարդ հնդիկ գործարար Շրիկանտ Բոլանն իր օրինակով կարող է ոգեշնչել բազմաթիվ մարդկանց, ովքեր հաշմանդամության պատճառով դժվարանում են իրենց իղձերի ու նպատակների իրականացման հարցում։
Ինչպես նշում է Oddity Central-ը, ի ծնե կույր Բոլանը 23 տարեկան է. նա հասցրել է նման վաղ տարիքում հիմնել 7.5 մլն դոլար արժողությամբ ընկերություն ու դառնալ դրա գլխավոր գործադիր նախագահը։
Երբ Բոլանը կույր է ծնվել, նրա բարեկամները խորհուրդ են տվել ծնողներին հրաժարվել երեխայից ու նրան մանկատուն հանձնել, սակայն չքավորության մեջ ապրող ծնողները որոշել են պահել երեխային ու մեծացնել նրան սիրով լի մթնոլորտում:
Տարիներ անց նրանց բախտորոշ որոշումն արդարացրել է իրեն. բնատուր խելքով օժտված աշխատասեր ու նպատակասլաց Բոլանը լուրջ հաջողությունների է հասել բիզնեսի բնագավառում:
Այժմ նրա Bollan Industries ընկերությունը գրավում է օտարերկրյա ներդրողների ու սեփական մասնաճյուղերն ունի Հնդկաստանի տարբեր նահանգներում:
Հաջողակ գործարարը պատմել է, որ նախքան նման տպավորիչ արդյունքի հասնելն ինքը ստիպված է եղել բազում դժվարություններ հաղթահարել, հանդուրժել շրջապատի ծաղրը։
«Եվ որքան շատ էին խոչընդոտներն ու քամահրանքը, այդքան ավելի շատ էի ցանկանում առաջ գնալ դեպի իղձերս ու նպատակներս»,-պատմել է երիտասարդը` հավելելով, որ իր մեծագույն երազանքն է եղել ընդունվել Հնդկաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարան` IIT։
Եվ չնայած, որ նրա միավորները բավարար են եղել ընդունվելու համար, այնուհանդերձ, Բոլանին մերժել են` պատճառաբանելով, որ նա կույր է: Փոխարենը՝ երիտասարդին հաջողվել է ընդունվել հեղինակավոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որն ավարտելուց հետո Բոլանը վերադարձել է հայրենիք ու հիմնել սեփական ընկերությունը:
«Կարեկցանքն ամենևին էլ չի կայանում փողոցում հանդիպած մուրացկանին գումար տալու մեջ: Ըստ իս՝ կարեկցանքն այն է, երբ մարդուն ցույց ես տալիս ապրելու ճիշտ ուղին ու նրան զարգանալու հնարավորություն ես տալիս: Կարեկցող եղեք, թույլ տվեք մարդկանց ինքնարտահայտվել: Ներառեք մարդկանց ձեր կյանքում, թույլ մի տվեք, որ նրանք մենակ մնան, լավ արարք գործեք, քանի որ դա վերջիվերջո ձեզ կվերադառնա»,-շարունակել է գործարարը:
Նա նաև պատմել է, որ իր ընկերությունում աշխատողների շրջանում մեծ թիվ են կազմում հաշմանդամները:
