Ադրբեջանական Meydan TV -ի դեմ հարուցված գործում 15 լրագրողի անուն է շրջանառվում. ձերբակալությունները չեն բացառվում
Ադրբեջանական Meydan TV առցանց ռեսուրսի դեմ քրեական գործ է հարուցվել, որով անցնում է մոտ 15 լրագրող։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին Turan գործակալությանը հաղորդել է փաստաբան Էլչին Սադըգովը։
Փաստաբանը նշել է, որ ապրիլի 18-ին Նարիմանովի շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր պաշտպանյալ լրագրող Շիրին Աբասովի բողոքը, որը համագործակցել է Meydan TV-ի հետ և անցյալ տարվա սեպտեմբերին 30 օրով կալանավորվել ու պահվել ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության գլխավոր վարչությունում։
Սադըգովի խոսքով՝ գործում հիշատակվում են 15 լրագրողներ։ Չնայած քրեական հստակ մեղադրանքներ դեռ ոչ ոքի չեն առաջադրվել, սակայն լրագրողներին արգելվել է դուրս գալ երկրից, ոմանց մոտ խուզարկություններ են իրականացվել, սարքավորումներ առգրավվել։
Այդ լրագրողները նաև հարկային ստուգման են ենթարկվել և պարբերաբար հարցաքննության են կանչվում։ Փաստաբանը չի բացառում նաև Meydan TV-ի լրագրողների ձերբակալությունը։
Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու պատճառներին, ապա դա եղել է Meydan TV-ի կողմից Մինգեչաուր քաղաքի ցույցերի լուսաբանումը, որն սկսվել էր այն բանից հետո, երբ ձերբակալվածին դուրս էին գցել ոստիկանության շենքի պատուհանից։ Ցուցարարների տեսանյութերի ցուցադրումը լրջորեն մտահոգել էր իշխանություններին։
