Այս պահին ԵՏՄ-ից դուրս գալու նպատակահարմարություն չեմ տեսնում. Արծվիկ Մինասյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծին, ասաց, թե ցանկացած նախագիծ շրջանառելու իրավունք կա: «Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դրա նպատակահարմարությունն այս պահին չեմ տեսնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարն ասաց, թե իր կարծիքով նման ուղերձները կարող են որոշակի շփոթ առաջացնել տնտեսական գործընթացներում, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի նման քաղաքականությունը նախ մշակվի ներսում, հետո նոր հրապարակվի:
«Ցանկացած նման գործելակերպ ազդում է տնտեսության վրա, որովհետև ձևավորում է որոշակի սպասումներ: Որպես կառավարության՝ էկոնոմիկայի բլոկի պատասխանատու, ես համարում եմ, որ այսօր դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նա ասաց նաև, թե Հայաստանը դեռ չի էլ փորձել ԵՏՄ-ի հիմնական առավելություններից օգտվել: «Ավելի լավ կլինի մտածենք՝ ինչ մեխանիզմներ գործադրենք, որպեսզի հնարավորություններն ամբողջությամբ իրացնենք: Երբ կսպառվի, նոր կքննարկենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
