Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելով՝ Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Ցեղասպանության խնդրից. Գևորգ Մելքոնյան
«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին, անդրադառնալով ապրիլի մեկից Ադրբեջանի նախահարձակ գործողություններին, ասաց, որ սովորաբար Ադրբեջանը հենց ապրիլ ամսին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը:
Ըստ նրա՝ դա արվում է Թուրքիայի հորդորով, որպեսզի սահմանային լարվածությունն ակտիվացնելով՝ շեղի միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից և սևեռվի Արցախի խնդրին:
«Արցախի նկատմամբ իրականացրած այս ագրեսիան տեղավորվում է Թուրքիայի այն քաղաքականության մեջ, որ շեղվի ուշադրությունը Ցեղասպանության խնդրից և Սիրիայի խնդրից: Այսինքն` փորձում է մեկ քայլով երկու խնդիր լուծել»,-ասաց նա:
Գևորգ Մելքոնյանը նաև իրատեսական չի համարում ակնկալել, որ ապրիլի 24-ից հետո սահմանի լարվածությունը կթուլանա, այլ ճիշտ հակառակը՝ մեծանալու միտում է նկատում, թեև կարծում է, որ արցախյան խնդիրը ռազմական լուծում չունի: Ինչ վերաբերում է բանակցություններում փոխզիջումային տարբերակին, ապա նա ասաց, որ ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում հանրությունը պատրաստ չէ փոխզիջումային տարբերակին:
Ըստ նրա՝ այս ագրեսիան Ադրբեջանի կողմից սպասելի էր, քանի որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում էին այդ մասին։
«Հայաստանի թիվ մեկ խնդիրը կայանում է նրանում, որ պետք է ձեռք բերել ժամանակակից զինտեխնիկա, պետք է ամրապնդել դիրքերը և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ասպարեզում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ապա Գևորգ Մելքոնյանը հավանական համարեց, որ առաջիկայում Գերմանիայի Բունդեսթագում դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, թեև կարծում է, որ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, թե այն կընդունվի: Ամեն դեպքում նա դրական համարեց, որ վերջին տարիներին Գերմանիայում այդ խնդիրը բարձրացվում է և հատկապես կարևորեց, որ դրանք բարձրացվում են թուրք գործիչների կողմից:
