Իրանն էլեկտրաէներգիա կարտահանի Հարավային Կովկասի երկրներ
Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և վերաբաշխման մասնագիտացված ընկերության գլխավոր տնօրեն Արեշ Քարդին հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի հարևան երկրներ արտահանել մինչև երկու հազար մեգավատ էլեկտրաէներգիա: Առաջնային նշանակություն է տրվում նաև ՌԴ-ի հետ էլեկտրաէներգիայի փոխանակմանը:
Նրա խոսքով, ՌԴ-ի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրն օրակարգում է և այդպիսի համագործակցությունը թույլ կտա ամրապնդել հարաբերությունները ՌԴ-ի հետ ու ավելացնել Իրանի հյուսիսային շրջաններում առկա ներուժը: Ըստ նրա, Իրանի ու ՌԴ-ի էներգետիկ ցանցերը կարող են միավորվել Ադրբեջանի տարածքով և այդ տարածաշրջանում էլեկտրահաղորդակցման գծերը ձեռք կբերեն միջազգային բնույթ, փոխանցում է iran.ru կայքը:
Նա նշել է, որ Իրանը կարող է էլեկտրաէներգիա արտահանել ՌԴ ձմռանը, իսկ ամռանը՝ ներկրել այն ՌԴ-ից: Քարդին հիշեցրել է, որ Իրանն էլեկտրաէներգիա է փոխանակում Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Նախիջևանի հետ, իսկ Թուրքիայի տարածքով կարող է իր էներգետիկ ցանցը միավորել Եվրոպայի ցանցերի հետ:
