Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին տրամադրվող զենքի առնչությամբ
«Հայաստանին զենքի և ռազմամթերքի փոխանցումը, հատկապես՝ հարձակողական բնույթի, Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացման ժամանակ չի նպաստում հակամարտության կարգավորմանը, ընդհակառակը՝ ծառայում է օկուպացման շարունակմանը և լարվածության աճին», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Հաջիևը: Պաշտոնական Բաքուն «արտահանողից երաշխիքներ է պահանջում առ այն, որ այդ զենքը և զինտեխնիկան Հայաստանի կողմից չեն տեղակայվելու ադրբեջանական օկուպացված տարածքներում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», հավելել է նա:
Հիշեցնենք՝ վերջերս հրապարակվեց ռուսական ռազմական արտադրանքի ցանկը, որ Հայաստանը ձեռք է բերում Ռուսաստանի տրամադրած 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկով:
Հիշեցնենք նաև, որ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանը գլխավորում է Եվրոպայում 2011-15 թվականներին ամենաշատ զենք ներմուծած երկրների ցանկը, ընդ որում՝ իր զինանոցի 80 տոկոսը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում:
