Երևանում կկայանա կլոր սեղան ԷԱԱՀ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովի մասնակցությամբ
VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնն ու Նորագույն պետությունների ինստիտուտը փետրվարի 25-ին Երևանում կազմակերպում են «Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձնելու տարածաշրջանի երկրների ինտեգրացիայի հեռանկարներին էներգետիկ ոլորտում: Միջոցառմանը մասնակցելու համար Մոսկվայից ժամանելու է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, ինչպես նաև Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Քննարկվելու են հետևյալ թեմաները. հայ-ռուսական համագործակցությունն էներգետիկ ոլորտում, Մեծամորի Հայկական ատոմակայանի ապագան, Իրանի միջազգային ապամեկուսացումը և դրա ազդեցությունը Անդրկովկասի աշխարհաքաղաքականության և էներգետիկ շուկայի վրա, տարածաշրջանի տեղն ու դերը ԵԱՏՄ-Իրան համագործակցության համատեքստում, իրանական գազի տարանցման հեռանկարները դեպի Վրաստան Հայաստանի տարածքով և այլ հարցեր:
«Անդրկովկասի Եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղանը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 12.00-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (ք.Երևան, Խորենացու 15, 2-րդ հարկ):
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ-ի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը և Eurasia Daily (EADaily) տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը:
