ՄԻԵԴ-ը «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հարցեր է ուղղել Ադրբեջանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հարցեր է ուղղել Ադրբեջանին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Դեռ 2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Նախկին գերի Արթուր Բադալյանի գործը ՄԻԵԴ-ում գրանցվել էր 2011 թվականի աշնանը: Եվրոպական դատարան հայց էր ներկայացրել Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը: ՄԻԵԴ Ադրբեջանի համար հարցերին պատասխանելու վեջնաժամկետ էր սահմանել ընթացիկ տարվա մարտի 8-ը:
Պատասխանները կփոխանցվեն Հայաստանի կառավարությանը, որը գործին մասնակցում է որպես երրորդ կողմ:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը 2009 թվականի մայիսի 9-ին մոլորվել էր անտառում և գերի ընկել: Միայն 2010 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանական կողմը հաստատել էր նրա գերեվարման փաստը, ընդ որում, մինչ այդ կտրականապես հերքել էր Ադրբեջանում Բադալյանի գերության մեջ լինելը: 2011 թվականի մարտի 17-ին Արթուր Բադալյանը վերադարձվել էր հայրենիք: Բադալյանի գործը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է: Բադալյանը պնդում է, որ գերության ընթացքում ենթարկվել է խոշտանգումների, ինչը լրջորեն է անդրադարձել նրա առողջության վրա:
