Մահացել է Ումբերտո Էկոն
Նրա մահվան մասին La Repubblica թերթին տեղեկացրել են գրողի հարազատները:
Ումբերտո Էկոն համարվում էր մեր ժամանակների մեծագույն գրողներից եւ մտածողներից մեկը:
Նրա ամենահայտնի վեպը «Վարդի անունն է», որը 2014 թվականին հրատարակվեց հայերեն՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ:
2015 թվականին «Անտարես» հրատարակչությունը հայերեն հրատարակեց Ժան-Կլոդ Կարիերի եւ Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» (N'espérez pas vous débarrasser des livres) զրույցների ժողովածուն, որը ֆրանսերենից թարգմանել էր Սարգիս Դավթյանը: Մեդիամաքսը ներկայացրել է գիրքը «Գրքերի տաղավար խորագրում»:
Ներկայացնում ենք Ումբերտո Էկոյի մի քանի մտքեր՝ նրա ստեղծագործություններից եւ գրքերից.
«Մարդիկ հոգնել են պարզ բաներից: Նրանք ցանկանում են զարմացած լինել»:
«Վախկոտ մարդուն խիզախություն է պարգեւում այլոց վախը»:
«Միշտ կարծել եմ, որ լավ գիրքը իր հեղինակից խելացի է: Այն կարող է պատմել այնպիսի բաներ, որոնց մասին հեղինակն անգամ տեղյակ չէ»:
«Քանի որ հնարած միջավայրը բնականից շատ ավելի հարմարավետ է, մենք փորձում ենք կյանքը կարդալ այնպես, իբրեւ թե այն եւս գրական ստեղծագործություն է»:
«Յուրաքանչյուր գրող, նկարիչ, երաժիշտ եւ գիտնական ցանկանում է, որ իր աշխատանքն ապրի իր մահվանից հետո: Այլապես նրանք հիմարներ կլինեին»:
