Ռուսաստանը 16 քաղբանտարկյալներին փոխանակել է հանցագործների հետ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր տեղի է ունեցել 26 բանտարկյալների փոխանակում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Փոխանակման կադրեր է հրապարակել թուրքական NTV-ին։ 10 հոգի վերադարձել է Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա և երեքը՝ ԱՄՆ։ Ավելի վաղ՝ Bloomberg-ը գրել էր, որ սա քաղաքական բանտարյալների ամենամեծ փոխանակումն է Ռուսաստանի հետ։
Այսպես, Ռուսաստանը ԱՄՆ-ին է վերադարձնում Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որը ձերբակալվել էր Եկատերինբուրգում, մեղադրվել լրտեսության մեջ և դատապարվել 16 տարվա ազատազրկման, Ազատություն ռադիոկայանի Թաթարստանի և Բաշկիրայի ծառայության թղթակից Ալսու Կուրմաշեվային, որը ձերբակալվել էր Կազանում, մեղադրվել ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման։
Արևմուտքին են հանձնվել նաև ռուսաստանցի քաղաքական գործիչներ, ովքեր հետապնդվել և դատվել են իրենց երկրի իշխանությունների կողմից Ուկրաինա ներխուժումն ու պատերազմը քննադատելու համար։ Այդ թվում՝ 71-ամյա իրավապաշտպան, Մեմորիալ կազմակերպության համանախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օլեգ Օրլովը, որն օտարերկրյա գործակալ էր ճանաչվել և դատապարտվել 2,6 տարվա ազատազրկման, Իլյա Յաշինը, որն իր յութուբյան ալիքով ուկրաինական Բուչա քաղաքում ռուսական բանակի ոճրագործությունները ցույց տալու համար 8 տարի պետք է նստեր ռուսաստանյան բանտում և Վլադիմիր Կարա-Մուրզան, որն, ի թիվս այլնի, մեղադրվել էր նաև պետական դավաճանության հոդվածով և դատապարվել 23 տարվա ազատազրկման։
The Insider-ը գրում է, որ քաղաքական գործիչների փոխարեն Ռուսաստանը ստանում է դրսում դատապարտված հետախույզների և մարդասպանների։ Վադիմ Կրասիկովն, օրինակ, 2019-ին ձերբակալվել էր Բեռլինում՝ չեչեն ընդդիմադիր գործիչ Զելիմխան Խանգոշվիլին սպանելու համար։ Կրասիկովը Սպեցնազի աշխատակից է, ևս երկու հոգու էլ սպանել է Ռուսաստանում։
Բանտարկյալների փոխանակման բանակցությունները կանգ էին առել Ալեքսեյ Նավալնիի սպանությունից հետո։ Նավալնին գլխավորում էր Արևմուտքի պահանջած քաղբանտարկյալների ցուցակը։
«Բանտում Նավալնիի սպանությունը նոր բարոյական դիլեմայի առաջ կանգնեցրեց բանակցողներին՝ մարդասպանին հանձնե՞լ Պուտինին՝ չնայած Նավալնիի մահը, թե կարևորել տասնյակ ռուս և ամերիկացի անմեղ մարդկանց ազատությունը», – ասում է The Insider-ի թղթակից Քրիստո Գրոզևը։
The post Ռուսաստանը 16 քաղբանտարկյալներին փոխանակել է հանցագործների հետ first appeared on Epress.am.