Էրդողանը համեմատել է Գազան Ղարաբաղի հետ եւ խորհուրդներ տվել հայերին
Նոյեմբերի 20-ին իր կաբինետի նիստից հետո Էրդողանը, մասնավորապես, ասել է.
«Մեր շուրջը տեղի ունեցող ցանկացած միջադեպ՝ Բալկաններից մինչեւ Կովկաս, Սեւ ծովից մինչեւ Միջերկրական ծովի արեւելյան ափերը, ուղղակիորեն վերաբերվում է մեզ։ Գազան մեր սրտերում նույն տեղն ունի, ինչ Ղարաբաղը: Մենք տարբերություն չենք դնում Բոսնիայի եւ Հալեպի, Տրիպոլիի եւ Բալխի, Սալոնիկի եւ Մոսուլի միջեւ»:
«Նրանք, ովքեր տարիներ շարունակ քաջալերում էին Հայաստանին եւ օգուտներ քաղում տարածաշրջանում ապրող մարդկանց տառապանքներից, իրականում ամենամեծ վնասը հասցրին հենց Հայաստանին։ Վառելով անիրատեսական երազների կրակը՝ նրանք շահագործեցին հայերին՝ նրանց անապահովության դատապարտելով: Հայաստանը պետք է գիտակցի եւ ընդունի այս իրողությունը։ Հայ ժողովուրդը եւ նրա կառավարիչները ավելի լավ է որոնեն իրենց անվտանգությունը ոչ թե հազարավոր մղոն հեռավորության վրա, այլ հարեւանների հետ խաղաղություն հաստատելու միջոցով:
Արեւմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք կամ զինամթերք չի կարող փոխարինել մշտական խաղաղության միջավայրին։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը եւս մեկ անգամ չվատնեն խաղաղության հնարավորությունը», - ասել է Էրդողանը:
