«ՀՈԳԵՎՈՐ ԿԱՅՔԵՐԸ» ԿՈՏՐԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
«ՀՈԳԵՎՈՐ ԿԱՅՔԵՐԸ» ԿՈՏՐԵԼՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Հայ Առաքելական եկեղեցու ամենավարկանիշային կայքերից մեկը` ter-hambardzum.net -ը, ենթարկվել է հակերային հարձակման, այն էլ ոչ տեղի աղանդավորների կողմից: Արդյունքում հոգեւոր կայքում հայտնվել էր թուրքական դրոշի լուսնաձեւ նշանն ու թուրքադրբեջանական «կլկլոցի» նմանվող երաժշտություն էր հնչում: Թե արդյոք այսօրվա Թուրքիայի ախորժակը իր պապերի պես այնքան է մեծացել, որ փորձում է կրոնական հողի վրա համացանցային պատերազմ հայտարարել, «Իրավունքը» փորձեց պարզել հոգեւոր կայքի հեղինակ արժանապատիվ ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ: Սակայն, Տեր հայրը նշեց, որ պատկերացում անգամ չունի, թե ինչ է տեղի ունեցել ու ինչ պատճառով, սակայն այս պահին կայքում վերականգնողական աշխատանքներ են տարվում: Այնուամենայնիվ, հարձակման մասին որոշակի մանրամասներ մեզ հաջողվեց պարզել տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
– Իրականում մի քանի կայք էին կոտրել, եւ հակերները թուրքեր չէին, այլ պակիստանցիներ: Սա առաջին դեպքը չէ, որ հակերային հարձակման է ենթարկվում հոգեւոր կայքը: Տարիների ընթացքում մի շարք հոգեւոր կայքեր, այդ թվում` qahana.am -ը, կոտրել էին: Նույնիսկ ինչ-որ ֆորումի տվյալներ էլ կարողացան գողանալ, ու այն ժամանակ թիրախավորված ադրբեջանական հակահայկական հարձակում էր: Իսկ այս դեպքը, կարծես թե, ուղղված չէ Հայաստանի դեմ: Պարզապես, ձեռքների տակ ինչ ընկել է, կոտրել են:
– Ամեն դեպքում, հնարավո՞ր է, որ հենց կրոնական հողի վրա կատարված հարձակում է եղել: – Կարծում եմ` այո, պակիստանցիները, ինչպես գիտեք, ֆունդամենտալիստ են: Իրենք ամեն տեղ իրենց կրոնական շեշտադրումը դնում են: Բայց եթե սա կոնկրետ հայերի դեմ լիներ, ապա կոտրելով կայքը` որեւէ հակահայկական գրառում կթողնեին, իսկ այս դեպքում միայն ինչ-որ երաժշտություն ու պաստառ են տեղադրել:
– Մի՞թե Պակիստանի հակերներն այդքան մասնագիտացած են, որ կայքը արդեն մի քանի օր է դեռ ամբողջովին չի վերականգնվել:
– Ճիշտն ասած, չգիտեմ, թե այդտեղ ինչ է կատարվում` վերականգնողական աշխատանքների հետ կապված, ու ինչպես են հարձակվել, դրա համար գնահատել չեմ կարող: Ներսից տեսնողը կարող է գնահատական տալ: Բայց կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, Պակիստանում բոլորովին էլ թույլ չեն հակերային խմբերը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
