ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ»
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց, որ որոշ առաջարկներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրել է: Առաջարկությունները երեք տասնյակ են:
Խոսրով Հարությունյանի խոսքով` սահմանադրական բարեփոխումների ակունքներում հենց ընդդիմադիր քաղաքական ուժերն են, որոնք ամեն գնով ցանկանում են «ազատվել» ՀՀԿ-ից: Հետեւաբար, տրամաբանական է, որ նրանք պետք է մասնակցեն բովանդակային քննարկումներին: Իսկ եթե չմասնակցեն, ապա նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ մնացած խոսքերը պարապ զրույց են:
«Իրավունք»-ը հետաքրքրվեց` սահմանադրության ո՞ր դրույթներ են մտահոգիչ պատգամավորի համար: ՀՀԿ պատգամավորը մատնանշեց «կուսակցությունները ձեւավորում են հանրության քաղաքական կամքը» դրույթը, որը նրա համար վիճելի ձեւակերպում է: «Կուսակցությունների դերակատարումը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինը հանրությանը ներկայացնելու ճանապարհով հանրային կարծիք ձեւավորվելն է»,- կարծում է կուսակցության ղեկավարը:
Մեր մյուս հարցը վերաբերում էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը եւ աշնանը հանրությանը փողոց դուրս հանելուն ընդդեմ սահմանադրականա բարեփոխումների: Արդյոք ընդդիմությունը կմիավորվի եւ կփորձի տապալել այս բարեփոխումները: «Ոչինչ չպետք է բացառել, բայց, կարծում եմ, համաժողովրդական ընդվզումը քիչ հավանական կլինի: Նույն ընդդիմության ջանքերով էապես արժեզրկվեց սահմանադրության կարեւորությունը: Ընդդիմությունը կմիավորվի, քանի որ հարցն ուղղված է հենց իշխանությանը: Կապ չունի` ինչ հարց կլինի, եթե ուղղված է իշխանությանը, ընդդիմությունը տեռնո կանգնած է»,- եզրափակեց Հարությունյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
