ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԾԱՌԵՐԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ
ԱՐՁԱԳԱՆՔԸ` ԾԱՌԵՐԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»
«Իրավունք»-ը հուլիսի 27-ին հրապարակել էր «Ծառերի «ցեղասպանություն»` Հանքավանում» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել էինք անհայտ անձանց կողմից հատված հաստաբուն ծառերին: Գրավոր հարցում էինք ուղարկել թե՛ ոստիկանություն, թե բնապահպանության նախարարություն` վերոնշյալ դեպքի առնչությամբ:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կողմից արձանագրած անտառահատման փաստով Հայանտառ ՊՈԱԿ «Հրազդան անտառտնտեսությունում» արդեն կազմվել է համապատասխան արձանագրություն, ուստի և ոստիկանությունում տվյալ փաստով հետաքննություն չի իրականացվում։
Բնապահպանության նախարարությունն էլ հաստատել էր ապօրինի ծառահատման դեպքը, բայց, կոպիտ ասած, կիսատ-պռատ պատասխան տվել: Գրավոր պատասխանում տեղեկացվել է, որ ապօրինի հատվել են սոճի տեսակի երկու ծառ`24 եւ 16 սմ կոճղերի տրամագծով: «Ապօրինի ծառահատման վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿԻ «Հրազդանի անռատնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմվել է անտառախախտման արձանագրություն: Ինչ վերաբերում է հատված մյուս ծառերին, ապա դրանք ունեն հատման մի քանի տարվա վաղեմություն, իսկ մեկ ծառը հողամատապալ է եւ գտնվում է տեղում: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի կողմից տեղում կատարվել է ուսումնասիրություն եւ վարչական խախտման վերաբերյալ 30.07.2015 թ-ին կազմված արձանագրության հիման վրա կայացվել է վարչական իրավախախտման գործի, ինչպես նաեւ բնապահպանական օրենսդրության խախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ որոշումներ, որոնցով իրավախախտն ենթարկվել է համապատասխան տույժերի: Վարչական տուգանքի, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման գումարները վճարվել են պետբյուջե»,- ասվում է նախարարության պատասխանում:
Հետաքրքիրը, սակայն, այն է, որ գրավոր պատասխանում խնամքով թաքցվել է իրավախախտի անունը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը եւ կոնկրետ ինչ տույժերի է ենթարկվել իրավախախտը:
Ինչո՞ւ է հարցադրումը կարեւոր, քանի որ ըստ շրջանառվող լուրերի` ապօրինի անտառահատումների «արտոնությունը» տրվում է որոշ օլիգարխների, որոնք վայելում են իշխանական որոշ շրջանակների հովանավորությունը: Մինչդեռ նախարարության պատասխանում իրավախախտի անունը` «նիխտ»:
«Իրավունք»-ը մեկ այլ գրավոր հարցման միջոցով կփորձի պարզել իրավախախտի անունը,տույժ-տուգանքի չափը եւ կներկայացնի ընթերցողին, բայց հիշեցում նախարարությանը` կամ մի բան լա՛վ արեք, կամ ընդհանրապես մի՛ արեք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
