ԱԺ-Ն ԴԵՌ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ 5 ՏԱՐԻ Է ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻՑ ԹԽԱԾ ՀԱՑ ԵՆ ՈՒՏՈՒՄ
ԱԺ-Ն ԴԵՌ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ, ԲԱՅՑ 5 ՏԱՐԻ Է
ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԻՑ ԹԽԱԾ ՀԱՑ ԵՆ
ՈՒՏՈՒՄ
«Իրավունք»-ը նախկինում տեղեկացրել է, որ «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակներում 2010թ.-ից ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով Հայաստանի 6 մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի տարրական դասարանների 50 հազար աշակերտի ՊՀԾ-ն տաք ապուր կամ շիլա ու հաց է տրամադրում: Ի դեպ, երեխաներին տրամադրվող հացը թխվում է պրեմիքսներ և սինթետիկ դեղանյութ հանդիսացող ֆոլաթթու ավելացված ալյուրով, որի մասին չգիտեն անգամ երեխաների ծնողները:
Այս առիթով «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը դեռևս այս տարվա ապրիլին դիմել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին` առաջարկելով այդ փաստերի առթիվ 124-րդ և 279-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցել:
Այդ օրից անցել է արդեն չորս ամիս, բայց հարցը դեռևս քաշքշուկների մեջ է «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց Խ. Ստամբուլցյանը:
«Քննչական կոմիտե դիմելուց հետո մի թուղթ եմ ստացել քաղաքային վարչության պետից, որ ինքը դա ուղարկել է Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, կենտրոնական բաժինը ուղարկել է թուղթ, որ դա ուղարկել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությանը, իրենք էլ թուղթը ուղարկել են Առողջապահության նախարարություն, այնտեղից էլ ասել են, որ իրենք դրա մասին գաղափար չունեն: Երկար ժամանակ տեղեկություն չկար, ես ինքս եմ գնացել բերել մեկ այլ գրություն, որով հայտնում են, որ ծառայությունը «Պարենային սնունդ» ծրագիր իրականացնող մարմնի հանդեպ վերահսկողություն չի իրականացնում»,- ասում է Խ. Ստամբուլցյանը:
Այս շրջապտույտից, սակայն հասարակական-քաղաքական գործիչը չի վհատվել և պատրաստվում է կրկին դիմել Քննչական կոմիտեի նախագահին պարզելու համար, թե արդյո՞ք նշված հոդվածներով քրեական գործ հարուցելու համար իրական հիմքեր չկան:
«Եթե իմ դիմումը հիմքեր չունի, թող գրեն՝ բավարար հիմքեր չկան, բայց իրենք չեն ասում, որ հիմքերը չեն բավարարում, այլ ֆուտբոլի գնդակի նման տեղից տեղ են տշում և այդ պատճառով էլ ես մինչև հիմա ոչ մի պատասխան էլ չեմ ստացել»,- ասում է Խ. Ստամբուլցանը:
«Իրավունք»-ի հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում նրան հաջողվել է հանդիպել և զրուցել երեխաների ծնողների հետ և այս մասով կա՞ն արդյոք բողոքներ, նա պատասխանեց, որ թեև բազմաթիվ ասուլիսների է մասնակցել, սակայն երեխաների ծնողների հետ հանդիպել չի ստացվել:
«Ամեն դեպքում բոլոր մեթոդներով պետք է պայքարեմ: Այս երևույթը շատ վտանգավոր է, քանի որ մինչ օրս չեն դադարեցրել երեխաներին այդ սննդով կերակրելը: Դեռ Ազգային ժողովը չի որոշել, թե մենք նման ալյուրից պատրաստված հաց պետք է ուտենք, թե՝ չուտենք, բայց ստացվում է, որ արդեն 5 տարի է երեխաները նման սնունդ են ընդունում: Կոչ եմ անում մտավորականներին, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, քանի որ ողջ աշխարհի գրականության մեջ ասվում է, որ դանք քաղցկեղածին են, իսկ մեզ մոտ դեռ շարունակում են 50 հազար երեխայի վրա գիտափորձ կատարել»-ասում է Խ. Ստաբուլցյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
