Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնությունը
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 19-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված էր. «Այսուհետ ամեն օր` մինչեւ Մյուռոնօրհնեքը, երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Այս տարի Մյուռոնօրհնությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սրբալույս Մյուռոնը: Ապա նոր օրհնված Մյուռոնը կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին»:
Ի դեպ, Մյուռոնօրհնության վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. ԶԱՔԱՐԻԱ վարդապետ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ գրել է հետեւյալը. ««Մյուռոնը» հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արեւելյան ազգերը եւ հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ: Աստված Ինքը Մովսեսին պատվիրեց օծության յուղի պատրաստման ձեւը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք. 30. 22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից եւ օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Ի դեպ` հունարեն «Քրիստոս» բառը նշանակում է հենց «Օծյալ»: Եվ արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղերով օծելու զանազան դեպքերի:
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության եւ շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի եւ ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրեւ քրիստոնյաներ, մկրտվել եւ ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով եւ հոգեւոր գիտակցությամբ ենք ապրել եւ շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաեւ սրբության եւ ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաեւ մեր ժողովրդի հոգեբանության եւ մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ եւ չափածո ստեղծագործություններ: Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո եւ նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաեւ հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում եւ ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ եւս փաստում են Ս. Մյուռոնի կարեւորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում», - եզրափակելով խոսքը` շեշտել է Հայր սուրբը:
Հավելենք, որ դեռեւս անցած տարի տեղի ունեցած եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որտեղ քննարկվել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հարցը, որոշվել էր իրականացնել 18 միջոցառում, որոնցից երկուսը՝ Մյուռոնօրհնեքը եւ Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ընդգրկված են պետական միջոցառումների ցանկում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
