ՀՀ եւ ԼՂՀ հարկային մարմինները կշարունակեն համագործակցել նոր ծրագրով
Օրերս Երեւանում ստորագրվել է ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջեւ 2015-2017թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիրը:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով, ծրագրով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջեւ տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների եւ հարկային վարչարարության մյուս կարեւոր ուղղություններով աշխատանքների իրականացում:
ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանն իր հերթին կարեւորել է երկու կառույցների սերտ համագործակցությունը եւ նշել է, որ հարկային օրենսդրության, վարչարարական փորձի ուսումնասիրության, փոխառության նպատակով նախատեսվում է շարունակել մասնագետների եւ աշխատանքային խմբերի փոխադարձ այցելությունները:
Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջեւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորությունների զարգացում, իրավախախտումների բացահայտում եւ կանխարգելում, ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակմանը օժանդակում:
Արցախի ՖՆ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին:
