Էռնեկյանի հիմնադրամի զեկույցը՝ 1915-ին հայերին օգնած թուրքերի մասին
Երեւան: Մեդիամաքս: Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը եւ Քլարկի համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան/Մուգար ամբիոնը թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ միասին իրականացրել են հետազոտություն այն թուրքերի եւ քրդերի մասին, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին:
Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդել են հիմնադրամից, հետազոտության նպատակն էր տեղեկություններ հավաքել այդ թուրքերի եւ քրդերի մասին:
«Մեզ համար մեծ պատիվ է մեր ուժերը միավորել աշխարհահռչակ թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամի հետ, ով ջանք չի խնայել` փորձելով իրար համապատասխանեցնել հայերի եւ թուրքերի պատմածները, ինչպես նաեւ Քլարկի համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանության Սթրասլեր կենտրոնի նրա ամբիոնի հետ: Սա յուրատեսակ փորձ է գտնելու եւ մեծարելու այն բազմաթիվ թուրքերին եւ քրդերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց հայ հարեւաններին, մարդկության ամենամութ ժամանակաշրջաններից մեկում: Վալենբերգի հիմնադրամը նույնը անում է Հոլոքոստի հետ կապված: Չարիքի վրա կենտրոնանալու փոխարեն մեր ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց եւ տղամարդկանց համերաշխության ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար: Սա մեր պարտքն է այդ փրկիչների առջեւ եւ ամենից առաջ մեր պարտավորությունը երիտասարդ սերնդի առջեւ, որը պետք է տեղյակ լինի այս օրինակների մասին»,- ասված է Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանի եւ հիմնադիր Բարուխ Թենեմբաումի համատեղ հայտարարության մեջ:
Հետազոտությունն իրականացվել է այն նահանգներում, որտեղ տեղի են ունեցել ամենամեծ թվով սպանություններ եւ որտեղ պատմությունների մեծ մասը սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր կերպով:
Ուսումնասիրությունն արդեն հրատարակված է: Զեկույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հայերեն լեզվով այստեղ եւ անգլերեն՝ այստեղ:
Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի հիմնական առաքելությունն է բացահայտել փրկության եւ համերաշխության մասին չպատմված պատմությունները:
