«Արտեմիս-2» առաքելությունն ավարտել է Լուսնի շուրջ անցումն ու վերադառնում է Երկիր
Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը, որը «Արտեմիս 2» առաքելության շրջանակում չորս տիեզերագնացների հասցրել էր մարդկության համար երբևէ հասանելի ամենահեռավոր կետերից մեկը, ավարտել է Լուսնի շուրջ իր թռիչքը և այժմ շարժվում է դեպի Երկիր։ Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն։
Գործակալության փոխանցմամբ՝ տիեզերանավը գտնվում է առաքելության եզրափակիչ փուլում և վերադառնում է Երկիր։
Երկուշաբթի սկսված և շուրջ յոթ ժամ տևած թռիչքի ընթացքում «Օրիոնը» իրականացրել է գիտական հետազոտություններ և լուսանկարել Լուսնի մակերևույթի ավելի քան երեք տասնյակ օբյեկտներ։ Ամենամոտ կետում այն գտնվել է Լուսնից մոտ 6550 կմ հեռավորության վրա։
Անձնակազմը շուրջ հինգ ժամ հնարավորություն է ունեցել դիտելու Արեգակի լույսով լուսավորված Լուսինը։ Բացի այդ, առաջին անգամ ամերիկյան «Ապոլոն» ծրագրից հետո տիեզերագնացները ուսումնասիրել են Լուսնի հակառակ կողմը՝ ավելի բարձր և լայն դիտակետից։
Թռիչքի ընթացքում նրանք նաև արձանագրել են երկնաքարերի անկումներ Լուսնի մակերևույթին և հետևել խավարումների, երբ Արեգակը ծածկվել է Լուսնի հետևում։ Հավաքագրված տվյալներում ներառված են դիտարկված օբյեկտների չափերը, ձևերը և մակերևութային առանձնահատկությունները՝ խառնարաններ, լանջեր և գունային տարբերություններ։
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ «Օրիոն»-ի անձնակազմում ընդգրկված են Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։ Տիեզերանավի վերադարձը նախատեսված է ապրիլի 10-ին՝ Խաղաղ օվկիանոսում վայրէջքով։
The post «Արտեմիս-2» առաքելությունն ավարտել է Լուսնի շուրջ անցումն ու վերադառնում է Երկիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
