Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրից և կհաշտվի ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ. Ռեզա Փեհլևին ներկայացրել է ապագայի իր տեսլականը
Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին Իրանի վերջին շահի որդին՝ գահաժառանգ Ռեզա Փեհլևին, X սոցիալական հարթակում հրապարակել է անգլերեն տեսաուղերձ՝ ուղղված «աշխարհի բոլոր ընկերներին»։
Ինչպես հաղորդում է DW-ն, տեսաուղերձում Փեհլևին հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետության անկման օրը» Իրանը կվերածնվի որպես աշխարհիկ և ժողովրդավարական պետություն՝ ընդգծելով արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի միջուկային ռազմական ծրագիրը կդադարեցվի, իսկ ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցությունը անմիջապես կդադարեցվի։ Փեհլևին նաև նշել է, որ երկիրը կսկսի պայքարել ծայրահեղական իսլամիզմի դեմ։
Գահաժառանգը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կվերականգնվեն, իսկ Իսրայել պետությունը կճանաչվի անմիջապես։ Նա հավելել է, որ Իրանը կդառնա «տարածաշրջանում կայունացնող ուժ» և «հուսալի էներգետիկ մատակարար» այլ երկրների համար, իսկ նոր կառավարության գործողությունները կլինեն կանխատեսելի։
ԱՄՆ-ում բնակվող Փեհլևին նաև հայտարարել է, որ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Իրան։ Նրա խոսքով՝ նախատեսում է ստեղծել «անցումային թիմ»՝ այաթոլլաների ռեժիմի տապալման դեպքում երկրի կառավարումը ստանձնելու համար։ Սակայն փորձագետները նշում են, որ մոտ ապագայում ռեժիմի փոփոխությունը քիչ հավանական է, իսկ Փեհլևին կարող է երկրում չստանալ լայն հասարակական աջակցություն։
The post Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրից և կհաշտվի ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ. Ռեզա Փեհլևին ներկայացրել է ապագայի իր տեսլականը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
