Աճող ծախսերի մեջ գուցե դիտարկենք աղբահանությունը մասնավոր ընկերություններին արտապատվիրակելու հարցը․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքի աղբահանությունը գիշերային ու ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային երկու պատահար, որից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում նախորդ շաբաթվա երկու և նախկինում վրաերթի դեպքով 1 մեքենա այս պահին չեն շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը։ Արդյունքում մեր երեք սարքին գտնվող մեքենաները այս պահին պարապուրդի են մատնված»,- ասաց Կատվալյանը։
Վերջինս նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում փողոցների աղբահանությունը իրականացվել է փոշեկուլ մեքենաներով։
«Ես ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում մենք այլևս բացատրություններ չենք ունենա, այլ կունենանք իդեալական կատարված աղբահանություն։ Ես նաև պետք է խնդրեմ, որ նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանենք, որպեսզի հասկանանք՝ արդյոք համայնքային միջոցներով կառավարվող աղբահանությունը ի սկզբանե ճիշտ որոշում է եղել։
Այստեղ, կարծում եմ, որոշակի դեբադ կա, որովհետև այս ծախսերը անընդհատ տենդենց ունի աճելու ու միգուցե այս ծախսերի տրամաբանության մեջ ենք կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծառայությունները արտապատվիրակելու հարցը»,- արձագանքելով՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։