Շինեյդ Օ'Քոնորի ներկայացուցիչները Թրամփից պահանջել են հանրահավաքներում չօգտագործել աստղի երաժշտությունը
2023 թվականի հուլիսին մահացած իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորի հարազատներն ու Chrysalis Records լեյբլի ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ կոչ են արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Օ'Քոնորի երաժշտությունն իր նախընտրական միջոցառումներում օգտագործելը, հայտնում է BBC-ն։
«Մենք վրդովվեցինք՝ իմանալով, որ Դոնալդ Թրամփն իր քաղաքական հանրահավաքներում օգտագործել է Օ'Քոնորի Nothing Compares 2 U հանրահայտ երգը: Չափազանցություն չի լինի ասել, որ Շինեյդը կնեղանար և կվիրավորվեր, եթե նրա աշխատանքը այդքան խեղաթյուրեր մի մարդ, որին նա անվանում էր «բիբլիական սատանա»: Որպես նրա ժառանգության պահապաններ՝ մենք պահանջում ենք Դոնալդ Թրամփից և նրա համախոհներից անհապաղ դադարեցնել նրա երաժշտության կիրառումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնում է The Guardian թերթը, իռլանդացի երգչուհու հիթը հնչել է փետրվարի 24-ին՝ նախքան Դոնալդ Թրամփի բեմ բարձրանալը Մերիլենդում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում:
Nothing Compares 2 U-ն Օ'Քոնորի ամենահայտնի երգերից է։ Դրա տեսահոլովակը 90-ականներին ամենահայտնիներից էր։