Ջոնսոնը կարող է սահմանված ժամկետից շուտ թուլացնել կարանտինային միջոցառումները․ լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Դաունինգ սթրիթ վերադառնալուց հետո կարող է նախապես սահմանված ժամկետից շուտ հայտարարել երկրում կարանտինային միջոցառումների թուլացման մասին , գրում է ria.ru-ն՝ բրիտանական լրատվամիջոցներին հղումով:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, որը Ջոնսոնի բացակայության ժամանակ կատարել է վարչապետի պարտականությունները, հայտնել էր կարանտինային միջոցառումները մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին:
«Մայիսի 7-ն այն օրն է, երբ կառավարությունն օրենքով պարտավոր է վերանայել կարանտինային միջոցառումները, բայց Բորիսը ցանկանում է սահմանափակումներն ավելի վաղ թուլացնել կամ առնվազն ինչ-որ բան հայտարարել մինչ այդ», - պարբերականներից մեկին հայտնել է Ջոնսոնի կողմնակիցը:
Նշվում է, որ կարանտինի չեղարկման փոխարեն կառավարությունը մտադիր է «փոփոխել» նախկինում սահմանված միջոցները:
Կորոնավիրուսից ապաքինված Մեծ Բրիտանիայի վարչապետը կիրակի ժամանել է Լոնդոն՝ Դաունինգ սթրիթի իր պաշտոնական նստավայր։ Ավելի վաղ վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը աշխատանքի կանցնի երկուշաբթի և կաշխատի Դաունինգ սթրիթում: