Թրամփը հունվարին ծրագրել էր հարվածել Խամենեիի նստավայրին. իրանցի գեներալ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս տարվա հունվարին ծրագրում էր հարվածել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նստավայրին: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը:
Հունվարի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի միտումնավոր սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ-ն թիրախավորում է «իրանական 52 օբյեկտ, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի համար»: Սակայն ԱՄՆ նախագահն այդպես էլ չէր անվանել այն թիրախները, որոնք պետք է խոցվեին, եթե Իրանը հարվածեր ամերիկյան զորքերին: Ի պատասխան Սոլեյմանիի սպանությանը՝ Իրանը հունվարի 8-ին հարվածել էր Իրաքում տեղակայված ամերիկյան երկու բազաների:
«Իրանի տարածքում գտնվող օբյեկտների թվում, որոնց նրանք սպառնում էին հարվածել, կար նաև գերագույն առաջնորդի նստավայրը»,-ասել է Հաջիզադեն:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ապրում է իր աշխատավայրին կից գտնվող տանն ու կրոնական սրահում, որտեղից նա իր խոսքն է հղում իրանական հասարակությանը: Կեցավայրը գտնվում է Թեհրանի կենտրոնում: Համալիրի կազմում է գտնվում նաև երկրի խորհրդարանի հին շենքը, ազգային անվտանգության գերագույն խորհուրդը և նախագահի գրասենյակը: