Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի սահմանափակումների փուլային չեղարկումը
Վրաստանում ապրիլի 27-ից սկսվում է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների աստիճանական չեղարկումը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Այսօրվանից Վրաստանում թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը: Տաքսիները կվերսկսեն իրենց աշխատանքը: Աշխատանքը կսկսեն նաև բաց գյուղատնտեսական շուկաները:
Մեքենաներով ճանապարհորդել և գյուղատնտեսական գործունեություն ծավալել կթույլատրվի միայն որոշակի կանոններին հետևելու պայմաններով:
Տնտեսական գործունեության սահմանափակումները Վրաստանում կվերացվեն 6 փուլով: Փուլերի միջև միջին ժամանակահատվածը երկու շաբաթ կլինի:
Երկրի կառավարությունում հստակեցրել են, որ յուրաքանչյուր փուլին անցումը հիմնված կլինի համաճարակաբանական իրավիճակի անալիզի վրա: Եթե համաճարականբանական իրավիճակը վատանա, չեղարկված սահմանափակումները կրկին ուժի մեջ կմտնեն կամ կհետաձգվի հաջորդ սահմանափակումների չեղարկումը: