Նիդերլանդներում կորոնավիրուս է հայտնաբերվել ջրաքիսների մոտ
Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի երկու ագարակներում կորոնավիրուս է հայտնաբերվել ջրաքիսների մոտ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է երկրի փոխվարչապետ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը:
Նրա խոսքով՝ կենդանիների մոտ մարսողական խանգարումներ և շնչառական խնդիրներ կան: Նախարարությունից կարծում են, որ գործ ունեն մարդուց կենդանուն կորոնավիրուսի փոխանցման դեպքի հետ, քանի որ այդ ագարակների աշխատակիցներից մի քանիսի մոտ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ախտանշաններ են եղել:
Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի տվյալներով՝ սա կենդանիների՝ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է Նիդերլանդներում:
Երկու ագարակներում, ընդհանուր առմամբ, 20 000 ջրաքիս է պահվում: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելվել է կենդանիների և գոմաղբի դուրսբերումը ագարակների տարածքներից: