Չեխիան ժամանակից շուտ հրաժարվել է մի շարք սահմանափակումներից, այդ թվում նաև՝ արտասահման մեկնելու արգելքից
Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել զգալիորեն թուլացնել կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մարտի կեսերին սահմանված կարանտինային ռեժիմը, հայտնում է Prague Morning հրատարակությունը։
«Մենք որոշում ենք կայացրել ապրիլի 24-ից հետո վերացնել մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, 10 հոգանոց խմբերին թույլ կտրվի հավաքվել հանրային վայրերում»,- նշել է առողջապահության նախարար Ադամ Վոյթեխը։
Ուրբաթ օրվանից երկրի քաղաքացիներն արտասահման մեկնելու հնարավորություն կունենան: Երկիր վերադառնալուց հետո, սակայն, հարկավոր կլինի կորոնավիրուսի բացակայությունը հաստատող բժշկական տեղեկանք ներկայացնել կամ երկշաբաթյա տնային կարանտին ռեժիմով մեկուսանալ։
Նշվում է նաև, որ Չեխիայի կառավարությունը վերանայել է այլ սահմանափակման միջոցառումների մեղմացման համար ավելի վաղ ընդունված ժամանակացույցը։
Ապրիլի 27-ից հետո իրենց աշխատանքը կվերսկսեն փոքր տարածքով խանութները, որոնք առևտրային կենտրոններում տեղակայված չեն։ Նշվում է, որ ավելի վաղ ենթադրություններ կային, թե սահմանափակումների նման կրճատումը հնարավոր կլիներ միայն մայիսի վերջին իրականացնել։ Իրենց գործունեությունը կվերսկսեն համալսարանները, ավտոդպրոցները, մարզասրահները և կենդանաբանական այգիները։
Մայիսի 11-ից կվերաբացվեն առևտրային կենտրոնները, գեղեցկության սրահները, թանգարանները, մայիսի 25-ից՝ սրճարանները, ռեստորանները։
Միևնույն ժամանակ դեռևս հայտնի չէ, թե Չեխիայի սահմանները երբ բաց կլինեն օտարերկրացիների առաջ։
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 7 187 դեպք, որից ապաքինվել է 2 152-ը, մահացել՝ 210-ը։