Կորոնավիրուսի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկն առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի գրանցել․ փորձարկումները դադարեցվել են
«Ռեմդեսիվիր» (Remdesivir)՝ նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող հակավիրուսային դեղամիջոցը, որը համարվում էր Covid-19-ի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկը, առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի ունեցել, գրում է The Guardian-ը։
Սա այն դեղամիջոցներից մեկն է, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խոստումնալից» էր անվանում, գրում է աղբյուրը։
Փորձարկումները ներառել են 237 պացիենտի, մասնավորապես՝ 158 հիվանդ բուժում է ստացել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի օգնությամբ, իսկ 79-ը ստացել են սովորական բուժում: Հիվանդության վերականգնման ժամանակ խմբերի միջև ոչ մի տարբերություն չի արձանագրվել։ Ավելին՝ հիշյալ դեղամիջոցով բուժվածների գրեթե 14%-ը մահացել են, համեմատած 13%-ի հետ, որոնք սովորական բուժում են ստացել։ Ըստ հաղորդման՝ փորձարկումները դադարեցվել են նախատեսվածից ավելի վաղ՝ դրա կողմնակի բարդությունների վախով պայմանավորված։
Դեղամիջոցի անարդյունավետության մասին լուրը հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կլինիկական փորձարկումների տվյալների բազայում, սակայն հետագայում հեռացվել է: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ փորձարկման արդյունքները պատահական են «շատ շուտ» հրապարակվել։
«Փաստաթղթի նախնական օրինակը տրամադրվել է ԱՀԿ-ի հեղինակների կողմից և ոչ միտումնավոր տեղադրվել կայքում․ սխալը նկատելուց հետո անմիջապես հեռացվել է։ Փաստաթուղթը գրախոսություն է անցնում, և մենք, այն մեկնաբանելուց առաջ, սպասում ենք վերջնական տարբերակին»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թարիկ Յասարևիչը։