Աշխարհը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. ԱՀԿ-ն զգուշացրել է վիրուսի վտանգի պահպանման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու» ողջ աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում համաճարակի տեմպերը նվազում են կամ կայունանում, վիրուսի տարածումն ակտիվանում է Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև արևելյան Եվրոպայում:
«Շատ երկրներ գտնվում են համաճարակի վաղ փուլում, իսկ այն երկրները, որոնք ավելի շուտ են հայտնվել համավարակի գոտում, այժմ վարակման դեպքերի նվազում են արձանագրում: Սխալներ թույլ չտաք, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու: Այս վիրուսը կարող է դեռ երկար մեզ ուղեկցել: Տանը մնալու և ֆիզիկական հեռավորություն պահելու կանոնները հաջողությամբ են պայքարել վիրուսի տարածման դեմ շատ երկրներում: Սակայն վիրուսը դեռ չափազանց վտանգավոր է»,- ասել է ԱՀԿ ղեկավարը: