Պարենային անվտանգություն չապահովելու դեպքում մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքին. ՄԱԿ-ի պաշտոնյա
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտարարել է, որ պարենային անվտանգություն չապահովելու դեպքում մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքին, գրում է The Guardian-ը։
«Եթե մենք պատրաստ չլինենք և չսկսենք գործել հիմա, ապա մի քանի ամիս անց կարող ենք բախվել սովի՝ հսկայական մասշտաբների հասնող խնդրին»,- հայտնել է Բիզլին։
Նա առաջարկել է մի շարք միջոցառումներ ձեռնարկել այդ աղետից խուսափելու համար։ Պաշտոնյան աշխարհի առաջնորդներին խնդրել է տրամադրել մարդասիրական օգնության անարգել հասանելիություն, ինչպես նաև 350 մլն դոլար ներդնել ամբողջ աշխարհում լոգիստիկ կենտրոնների ցանցի ստեղծման գործում:
«Խոսքը քաղցած քնելու մասին չէ։ Խոսքը ծայրահեղ պայմանների, արտակարգ դրության մասին է. մարդիկ բառացիորեն կանգնած են սովամահության եզրին։ Դա իսկապես ավելին է, քան պարզապես համավարակը, դա սովի համավարակ է՝ մարդասիրական և պարենային աղետ»,- ասել է նա։
Բիզլին նաև ընդգծել է վաղ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու կարևորությունը, ֆինանսավորման դեֆիցիտի, առևտրի խափանումների բացառումը՝ նշելով, որ «ժամանակը մեր կողմից չէ, ուստի եկեք գործենք իմաստուն և արագ»։
Ավելի վաղ ՊՀԾ-ի փորձագետները հայտարարել էին, որ մինչև 2020 թվականի վերջն աշխարհում շուրջ 130 միլիոն մարդ քաղցած կմնա COVID-19-ի հետևանքով։