Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է կենդանիներից և ոչ թե ստեղծվել լաբորատորիայում. ԱՀԿ
Ներկա պահին հասանելի փաստերը վկայում են, որ կորոնավիրուսն առաջացել է չղջիկների մոտ և «լաբորատոր պայմաններում չի ստեղծվել»: Ինչպես փոխանցում է CNN-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆադելա Չայիբը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
ԱՄՆ հետախուզության ու ազգային անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ուսումնասիրում է հավանականությունը, որ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկից և ոչ թե շուկայից:
«Այս պահին, հնարավոր չէ ճշտությամբ որոշել կորոնավիրուսի տարածման աղբյուրը, որը հանգեցրել է համավարակի: Այնուամենայնիվ բոլոր հասանելի փաստերը վկայում են, որ վիրուսը բնական կենդանական ծագում է ունեցել և աճեցված վիրուս չէ: Հավանաբար, այն տարածվել է չղջիկներից»,- ասել է ԱՀԿ խոսնակը: