ՕՊԵԿ-ի երկրները կրճատել էին նավթի արդյունահանումը և ակնկալում էին հասնել նավթի գնի կտրուկ բարձրացման, այնինչ տեղի ունեցավ հակառակը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Աշխարհում տնտեսական շարժը կանգնած է: Կանգնած է նաև արդյունաբերությունը և, բնականաբար, տնտեսվարողները վառելիքի կարիք չունեն: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։
Գասպարյանն անդրադարձել է WTI տեսակի նավթի գնանկմանը. «WTI նավթի՝ մայիս ամսվա ֆյուչերսները երեկ գրանցեցին աննախադեպ ցածր մրցանիշ՝ -40 դոլար: Նման թիվ ոչ մի բորսայի վահանակի վրա չէր հայտնվել: Իսկ այսօր չմշակված այդ նավթի գինը նորից բարձրացել է։
ՕՊԵԿ-ի երկրներն անցած շաբաթ պայմանավորվել էին՝ կրճատել նավթի արդյունահանումը օրական 9,7 միլիոն բարելով: Պայմանավորվածությանն առաջին անգամ միացավ նաեւ Միացյալ Նահանգները: Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը պայմանավորվել էին մայիսին եւ հունիսին նավթի օրական արդյունահանումը կրճատել 2.5 միլիոն բարելով: Այս քաղաքականությամբ՝ պետություններն ակնկալում էին հասնել նավթի գնի կտրուկ բարձրացման»,- իր խոսքում նշել է Գասպարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցավ հակառակը։
Խոսելով Ադրբեջանում տիրող իրադրության մասին՝ Գասպարյանն արտաբերել է հենց ադրբեջանցի վերլուծաբաններից մեկի միտքն առ այն, որ հեքիաթների շրջափուլն Ադրբեջանում ավարտված է: «Հարևան երկրի փորձագետները հիշեցնում են՝ կորոնավիրուսի պատճառով բոլորի աչքն ուղղված էր նավթային հիմնադրամին: Հիմա նավթ չկա, փող էլ չի լինի: Ինչո՞վ սնվի ժողովուրդը:
Մասնագետներն ընդգծում են՝ որքան էլ երկրի պաշարները լցված լինեն նավթով ու գազով, եթե տնտեսություն չես կառուցել ու զարգացրել, ապա ստիպված ես լինելու լաց լինել այդ բարելների վրա»,- ընդգծել է Աբրահամ Գասպարյանը: