Վարչապետն ասում է` միայն գրանցված աշխատողներին ենք օգնում. եթե հանկարծ պատերազմ լինի, ոչ գրանցված աշխատողներին չտանեք պատերազմի դաշտ. քաղաքացի (տեսանյութ)
33-ամյա Գարիկը մոր միակ խնամակալն է: Մայրը՝ 55-ամյա Օֆելյա Բաղդասարյանը, հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Մինչև կորոնավիրուսի համավարակը Գարիկն աշխատել է, իր խոսքով՝ լավ չի վաստակել, սակայն ծայրը ծայրին հասցրել է, կարողացել է և՛ տան վարձ վճարել, և՛ մոր դեղերի հարցը լուծել, ոչ մեկից էլ ոչինչ չի պահանջել:
«Առևտրով եմ զբաղվել, օգտագործած իրեր եմ վաճառել, հագուստ, սակայն այս օրերին քանի որ չեմ աշխատում, սոցիալապես ծանր դրության մեջ եմ հայտնվել»,- ասաց Գարիկ Բաղդասարյանը:
55-ամյա տիկին Օֆելյան դեղահաբերի օրական չափաբաժին ունի, առանց որի նրա առողջական վիճակը վատթարանում է: 2 օր է՝ ոչ մի հաբ չի ընդունել․ գումար չունեն, որ գնեն: Զանգել են շտապօգնության ծառայություն, որտեղից էլ պատասխանել են՝ հիվանդանոցները ծանրաբեռնված են, ոչ ծանր հիվանդներին չենք տեղափոխում:
«Մայրս 3-րդ կարգի հաշմանդամ է, ու իր դեղերի 50 տոկոսը անվճար պիտի լինի, գնում ենք պոլիկլինիկա, թերապևտն ասում է՝ այս պահին չունենք դեղորայք, ցուցակը գրում, ուղարկում է դեղատուն, այնտեղ էլ ասում են՝ գումարի կեսը պետք է վճարեք, մյուս կեսն էլ կզեղչենք: Եթե ես ունենայի այդ գումարը, հաստատ կառնեի, էլ չէի դիմի»,- ասաց Գարիկ Բաղդասարյանը:
Նա խոսքով՝ իր նման հազարավոր ընտանիքներ այսօր ծայրահեղ ծանր վիճակում են և օգնության կարիք ունեն: Ինքն էլ այսօր օրվա հացի խնդիր ունի, հարակից կրպակից մոտ 80 հազար դրամի պարտքով ուտելիք է վերցրել, իսկ խանութպանը հրաժարվում է ավելին տալ: 2 օրից էլ բնակարանը պիտի ազատի, 2 ամսվա վճարը չի տվել: Դիմել է Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին, բայց պատասխանը մեկն է եղել՝ դուք գրանցված աշխատող չեք:
«Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետն էլ ասում է, թե միայն գրանցված աշխատողներին ենք օգնում, խնդրում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, եթե հանկարծ պատերազմ լինի, հանկարծ ոչ գրանցված աշխատողներին չտանեք պատերազմի դաշտ: Մենք այսօր խնդիր ունենք, ու կառավարությունը ոչ մի ձև չի օգնում»,- ասաց Գարիկ Բաղդասարյանը:
Նա այս օրերին աշխատանքի համար դիմել է որոշ ընկերությունների, սակայն պատասխանը մեկն է եղել՝ ազատ հաստիք չունենք:
Մանրամասները՝ տեսանյութում