Իսպանիայում նվազում է կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը. El País
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է, սակայն վարակման նոր դեպքերը շարունակում են նվազել: Ինչպես փոխանցում է El País -ը, թարմացված տվյալները ապրիլի 21-ին ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամում 430 հիվանդ է մահացել, որը նախորդ օրվա ցուցանիշից (399) փոքր ինչ ավելին է, որն, ի դեպ, ամենացածրն էր մարտի 24-ից ի վեր: Այնուամենայնիվ մահացության ցուցանիշը ցածր է անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ցուցանիշներից, երբ ավելի քան 500 մարդ էր մահանում մեկօրյա կտրվածքով:
Բացի այդ, վերջին մեկ օրում վարակման 3968 նոր դեպք է գրանցվել, որը ցածր է նախորդ օրը գրանցված ցուցանիշից, որն էլ ամենացածրն էր մարտի 17-ից ի վեր:
Մադրիդը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոնն Իսպանիայում, որտեղ 58 000 վարակման դեպք է գրանցվել և մոտ 7500 մահ: Երկրորդ տեղում Կատալոնիան է՝ վարակման 43 000 և մահվան ավելի քան 4150 դեպքերով:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվել է 204 178 մարդ, մահացել՝ 21 282-ը, ապաքինվել՝ 82 514-ը։