Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվում է հնդկաձավար մատակարարել Բելառուսին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին հանձնարարել է անհրաժեշտ չափով հնդկաձավար արտադրել ներքին շուկայի համար, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է Բելառուսին հնդկաձավար վաճառել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ապրիլի 21-ին Բելառուսի նախագահն աշխատանքային այցով գտնվում է երկրի Մոգիլյովի մարզի Բոբրույսկ բնակավայրում: Նախագահը մարզպետ Լեոնիդ Զայացից հետաքրքրվել է, թե ինչպես են մարզում ընթանում ցանքսի աշխատանքները:
Լուկաշենկոն հատուկ ուշադրություն է դարձրել հնդկաձավարի ցանքսին ու աշխատանքներին:
«Նայիր, որ մենք կարողանանք արժանի քանակությամբ արտադրել: Որովհետև ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել, ինչպես խորհրդային ժամանակներում էր, այն ժամանակ մենք այնտեղից ավելի շատ էինք հնդկաձավար գնում: Այնտեղ ավելի շատ է աճում, քան մեզ մոտ»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հարցրել է, թե ինչպես է ընթանում այլ մշակաբույսերի ցանքսը, արդյոք ձեռնարկություններն ունեն վառելիքի և պարարտանյութերի առկայության հետ կապված խնդիրներ, թե ոչ: Զայացը տեղեկացրել է, որ էական խնդիրներ չկան և խոստացել է ցանքի սեզոնը ժամանակին ավարտել:
Ավելի վաղ Լուկաշենկոն արդեն կարգադրել էր մեծացնել հնդկաձավարի սեփական արտադրությունը Բելառուսում` կապված Ռուսաստանից մատակարարման խնդիրների հետ: Մինչ այդ էլ Բելառուսի գյուղատնտեսության նախարարությունում նշել էին, որ երկիրը հնդկաձավարի և արտադրության հումքի 5 ամսվա պաշար ունի: Գարնանը կորոնավիրուսի տարածման ֆոնին Բելառուսում հնդկաձավարի պահանջարկը մեծացել է: Կառավարությունն ապրիլի 1-ի հրամանով արգելել է երկրից արտահանել հնդկաձավարը, սոխն ու սխտորը: