Նյու Յորք նահանգի բնակիչներին թույլ կտան ամուսնանալ տեսակապի միջոցով
Ամերիկյան Նյու Յորք նահանգի իշխանությունները թույլ կտան բնակիչներին համավարակի պայմաններում պսակադրվել հեռավար կարգով՝ տեսակապի օգնությամբ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել նահանգապետ Էնդրյու Կուոմոն լրագրողների հետ ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է նրա կայքում:
«Այսօր մենք հրամանագիր կստորագրենք, որը թույլ կտա մարդկանց հեռավար կարգով ամուսնության վկայական ստանալ, իսկ համապատասխան աշխատակիցները պսակադրության արարողությունը կվարեն տեսակապի օգնությամբ»,- ասել է նահանգապետի քարտուղար Մելիսա Դե Ռոսան:
«Երբ հարցը վերաբերում է ամուսնությանը, արդարացումներ չեն կարող լինել»,-հավելել է Կուոմուն:
Վերջին տվյալների համաձայն՝ Նյու Յորքում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 11 000, իսկ ԱՄՆ-ի ողջ տարածքում՝ 38 հազարը: Ավելի քան 728 հազար մարդ վարակվել է համաճարակի բռնկման պահից ի վեր: