Պատրաստվում ենք վատագույն սցենարներին՝ հույս ունենալով, որ չենք ունենա դրանք. Առողջապահության փոխնախարար (տեսանյութ)
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք շա՞տ են այն հայտատուները, որոնք հետևել են պարետի և նախարարի՝ բուժաշխատողներին միանալու կոչին, որ բժշկական հերթափոխը սահուն իրականացվի․ «Հաշվի առնելով Հայատանում և առհասարակ աշխարհում վարակավածների թիվը՝ կարո՞ղ ենք ասել, երբ կլինի պիկը ՀՀ-ում»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, որ նախարարի և պարետատան կոչին բավական լավ արձագանք են ստացել, և՛ բժիշկներ, և՛ բուժքույրեր արձագանքել և ներգրավվել են: «Կարելի է ասել՝ 7 նոր բժշկական կենտրոնների ամբողջական համալրում ենք ապահովել վերջին մեկ ամսում: Բժշկական անձնակազմի գերբեռնված աշխատանքը թեթևացնելու և այդ հերթափոխերը ապահովելու, լրացուցիչ ռեզերվ ունենալու համար շարունակում ենք ընդունել հայտեր, և այս փոփոխությունն էլ վերաբերում է հենց դրան, որ հստակ այս մասնագետները վերապրոֆիլավորվեն, ավարտական կուրսի ուսանողներն էլ հնարավորություն ստանան արագ վերապատրաստման դասեր անցնելու ու իրավունք ունենան ներգրավվելու աշխատանքներին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պիկին, Ավանեսյանն ասաց, որ, ցավոք սրտի, շատ բարդ է կանխատեսում անել. «Պատրաստվում ենք վատագույն սցենարների՝ հույս ունենալով, որ չենք ունենա այդ սցենարները: Ամեն ինչ պետք է արվի պատրաստ լինելու համար: Բոլոր մեր ռեսուրսները մոբիլիզացվում են, որ եթե հանկարծ ունենանք թվերի ավելացում, պատրաստ լինենք մեր քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն տրամադրելու»,- ընդգծեց նա: