Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը UFC-ի մրցաշարում չեղարկվել է
Բացարձակ մարտական առաջնության (UFC) ռուսաստանցի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի մարզիկ Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է խառը մենամարտերի մարզիկը:
«Ես ամեն ինչ հասկանում եմ և հաստատ ավելի շատ եմ տխրել մենամարտի չեղարկման պատճառով: Հավանաբար, ես, ինչպես և շատ ուրիշները, բազմաթիվ ծրագրեր ունեինք մարտից հետո, սակայն ես չեմ կարող վերահսկել այս ամենը»,- գրել է Նուրմագոմեդովը:
«Գերտերությունները և մեր ժամանակների խոշորագույն ընկերությունները ցնցված են նրանով, ինչ տեղի է ունենում. ամեն օր իրավիճակն անկանխատեսելիորեն փոխվում է: Սակայն Խաբիբն ամեն դեպքում պե՞տք է մենամարտի, ստացվում է: Հոգ տարեք ձեր մասին և ձեզ իմ տեղը դրեք»,- հավելել է մարզիկը:
Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, այս մենամարտը չի կայանում արդեն տարիներ շարունակ: Նակ Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը նախատեսված էր անցկացնել 2015-ի դեկտեմբերին, սակայն ռուս մարզիկը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել: Մենամարտը տեղափոխել էին 2016-ի ապրիլին, սակայն այդ ժամանակ էլ ամերիկացին չի կարողացել մասնակցել թոքերի հետ կապված խնդրի պատճառով: 2017-ին Նուրմագոմեդովը հոսպիտալացվել էր, իսկ 2018-ին Ֆերգյուսոնը վնասել էր ծունկը: