«Սատկիր, հայի վիժվածք». Թուրքիայի քաղաքացին հայերի նկատմամբ վիրավորական գրությունը օգտագործել է Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով
Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա կնոջ` Քումրու Աքքայայի տան դռան վրա օրերս անհայտ անձի կողմից հայտնվել էր «Սատկի՛ր, հայի վիժվածք» գրառումը: Բացի գրառումից, տան դիմաց նաև մեկ փամփուշտ էր հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Ոստիկանության կողմից կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ գրառումը կատարվել է հենց տանտիրուհու որդու` Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով: Աքքայան խնդրել է իր ազգականներից մեկին նման գրառում անել իրենց տան դռան վրա, որպեսզի ինքը կարողանա ապաստան ստանալ Գերմանիայում:
Աքքայան Գերմանիայում է գտնվում 2015 թվականից: Նա գերմանական պատկան մարմիններին ներկայացել է որպես ալևի և տեղեկացրել, որ ալևիների անվտանգությունը Թուրքիայում ապահովված չէ: