Հայազգի օպերային երգչուհին Դրեզդենի «Օպերայից» ներողություն է պահանջում՝ ադրբեջանցի տենորի՝ իր հետ ելույթից հրաժարվելու պատճառով
Ֆրանսիական Massis Opéra գործակալությունը, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի շահերը, հերթական դիմումն է ներկայացրել Semper Opera Ball փառատոնի ղեկավար Հանս Յոահին Ֆրեյին:
Ինչպես հայտնում է rusarminfo-ն, դիմումը կապված է հունվարի 15-ին հրապարակված մամուլի հաղորդագրության հետ, որում Ֆրեյը հերքում է փաստերը, որոնք հաստատում էին երգչուհու վարկածը իր ելույթի չեղարկման վերաբերյալ: Նշվում է նաև, որ Ֆրեյը շարունակում է իր դիրքորոշումը հայտնել ԶԼՄ-ների միջոցով՝ չշեղվելով իր կարծիքից:
Գործակալության ղեկավար Ռենե Մասիսը նշում է, որ մի կողմից փառատոնի ղեկավար Հանս Յոահին Ֆրեյը նշում է, որ նախկինում Semper Opera Ball-ի միջոցառումներին մասնակցել են բոլոր ազգությունների ներկայացուցիչ արտիստներ, մյուս կողմից՝ կա հակասություն, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի տենոր, հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովը, ով նույնպես օպերային երգիչ է, հրաժարվել է ելույթ ունենալ Մանթաշյանի հետ նույն բեմում՝ «քաղաքական նկատառումներից ելնելով», ինչը հանգեցրել է երգչուհու հետ պայմանավորվածությունների չեղարկման:
«Կարելի է մտածել, որ Դուք ստիպված էիք դա անել Ձեր հրավիրած արտիստի անհաշտության պատճառով: Դա Ձեր կամքը չէ, բայց փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանին բացառել են ծրագրից: Լավագույն դեպքում Դուք պետք է գոնե ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել այլ տհաճ իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ֆրեյը հարկ չի համարել անձամբ կապի դուրս գալ երգչուհու շահերը ներկայացնող գործակալության հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ եթե ապացուցվի, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել է հայ օպերային երգչուհու հետ ելույթ ունենալ ազգության պատճառով, ապա «Օպերան» կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden Opera Ball-ում: