Ամերիկացին հին բազմոցում պատահմամբ 43 000 ԱՄՆ դոլար է հայտնաբերել և վերադարձրել նախկին տերերին
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ Գովարդ Կիրբին կոմիսիոն խանութում հին բազմոց է գնել և դրանում 43 հազար դոլար գտել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ տղամարդը գումարը վերադարձրել է բազմոցի նախկին տերերին:
Կիրբիի խոսքով՝ բազմոցը նստելու համար անհարմար է եղել, և նրա դուստրը որոշել է ստուգել, թե բարձերի մեջ ինչ կա: Արձակելով բազմոցի բարձերի շղթաները՝ գտել են դրանցում թաքցրած գումարը:
«Երբ նա սկսեց հանել դրանք, ես ստիպված էի կճմթել ինձ համոզվելու համար, որ քնած չեմ»,- պատմել է տղամարդը:
Չնայած նրան, որ ամերիկացին իրավական խորհրդատվություն է ստացել և պարզել, որ գումարն օրենքով արդեն իրեն է պատկանում, այնուամենայնիվ, նա դիմել է խանութին բազմոցի նախկին տերերին գտնելու համար:
Պարզվել է, որ բազմոցը վերջիններիս ժառանգություն էր մնացել մահացած պապիկից: Կիրբին նրանց է վերադարձրել գումարը: