Facebook-ում վիրավորական արտահայտությամբ է թարգմանվել Չինաստանի ղեկավարի անունը
Facebook ընկերությունը պարզում է, թե ինչու է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի անունը բիրմայերենից անգլերեն վիրավորական կերպով թարգմանվել սոցցանցում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անարգալից թարգմանությունը տեղ է գտել Մյանմայի ղեկավար և պետական խորհրդականի հայտարարության մեջ և բիրմայական թերթում:
Գործակալության տվյալներով՝ սխալ թարգմանությունը հայտնաբերվել է Ծինփինի՝ Մյանմա կատարած այցի երկրորդ օրը: Հայտարարությունը հրապարակվել է Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի ֆեյսբուքյան էջում: Չինացի ղեկավարի անունը թարգմանվող տեքստում փոխարիվել է «գարշահոտ փոս» (Mr. Shithole) արտահայտությամբ: Իսկ տեղի Irrawaddy պարբերականում նման խորագիր է հայտնվել՝ «Ընթրիք նախագահ գարշահոտ փոսի պատվին»:
Սոցցանցից հայտնել են, որ վերացրել են թարգմանության հետ կապված խնդիրը և աշխատում են սխալ թարգմանության պատճառը պարզելու ուղղությամբ: