ԱՄՆ-ում 4-ամյա աղջիկը կորցրել է տեսողությունը գրիպով հիվանդանալուց հետո
ԱՄՆ Այովա նահանգում բնակող 4-ամյա աղջնակը կորցրել է տեսողությունը ծանր վարակի հետևանքով: Ինչպես ներկայացնում է CNN-ը, Ջեյդ անունով փոքրիկի կյանքը հազիվ է փրկվել գրիպի հետևանքով առաջացած բարդացումներից հետո:
Փոքրիկը հիվանդացել է Սուրբ ծնունդից առաջ: Դեկտեմբերի 19-ին երեխան սկսել է ջերմել: Մայրը նրան ջերմիջեցնող է տվել: Մի քանի օրից կարծես աղջիկը լավացել է և իրեն սովորականի պես է պահել: Սակայն դեկտեմբերի 24-ի առավոտյան ծնողները նրան անկողնում անգիտակից վիճակում են գտել: Նրա ջերմությունը կրկին բարձրացած է եղել:
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ գրիպի հետևանքով վնասվել է նրա ուղեղը: Փոքրիկը 7 օր գիտակցության չի եկել, և բժիշկները դժվարացել են ասել՝ կապրի նա, թե ոչ:
Հունվարի 1-ին աղջիկը գիտակցության է եկել: Բժիշկների հսկողությամբ նա ապաքինվում է, սակայն ներկա պահին աղջիկը ոչինչ չի տեսնում: Ուղեղի՝ տեսողության համար պատասխանատու հատվածը լրջորեն վնասվել է: Բժիշկներն այժմ չեն կարողանում ասել՝ արդյոք նրա տեսողությունը կվերականգնվի, թե ոչ:
Նշվում է, որ աղջիկը բացառապես առողջ է եղել նախքան գրիպով հիվանդանալը, և վարակի պատճառ է դարձել գրիպի դեմ պատվաստումը բաց թողնելը: