Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 23 դոլար նվիրաբերելու մարտահրավերը (տեսանյութ)
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 23 դոլար նվիրաբերելու մարտահրավերը: Այդ մասին երաժիշտը տեղեկացրել է իր Facebook-ի էջում:
«Սույնով ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը «Հայաստան» հիմնադրամին (https://www.himnadram.org/en/donate) ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելու վերաբերյալ»,- ասել է նա:
Երեք այլ հայերի մարտահրավեր նետելու Նիկոլ Փաշինյանի հորդորին ի պատասխան՝ Թանկյանը նվիրաբերություն կատարելու մարտահրավեր է նետել պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին և թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին:
«Մի՛ հապաղեք միանալ մարտահրավերին և մարտահրավեր նետել մյուսներին»,- ասել է ամերիկահայ երգահանը և հավելել, որ ավելի արդյունավետ կլինի հանգանակություն կատարել մեծ թվով մարդկանցով՝ նվիրաբերելով քիչ քանակությամբ գումար, քան հակառակը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։