Tesla–ն, չնայած առաջին էլեկտրական պիկապի ձախողված ներկայացմանը, հազարավոր պատվերներ է ստացել
Չնայած Ամերիկյան Tesla ընկերության նոր արտադրանքի՝ էլեկտրական պիկապի (Cybertruck) ձախողված ներկայացմանը, ընկերությունն արդեն հազարավոր պատվերներ է ստացել։
Հիշեցնենք, որ Cybertruck-ի ներկայացման միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում, որի ընթացքում մետաղյա կորպուսի ամրությունն ի ցույց դնելու համար ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը մուրճով ապակիներին հարվածներ էր հասցրել, հետո Tesla- ի գլխավոր կոնստրուկտորին խնդրել էր մետաղյա գնդակը նետել պիկապի զրահապատ պատուհանից մեկի վրա, սակայն փորձը ձախողվել էր և պատուհանի վրա ճաքեր էին առաջացել։
«Մենք մանեկադարձիչներ ենք նետել ապակու վրա, նետել ենք ամեն բան, անգամ՝ խոհանոցի լվացարան, և այն չի կոտրվել։ Ինչ-որ տարօրինակ պատճառով դրա վրա քիչ առաջ ճաքեր առաջացան։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, սակայն մենք կուղղենք դա»,- ասել էր նա։
Ավելի ուշ Մասկը Twitter-յան իր էջում հայտնել է, որ Tesla- ն Cybertruck նոր էլեկտրական պիկապ մեքենայի 146,000 պատվեր է ստացել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Դրանք տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից մինչև երեք։ Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։