Աշխատել ԵՊՀ-ում՝ զրո պրոդուկցիա տալով, ապա` որոշել գիտական քաղաքականությունը. այստեղ բարոյականության խնդիր կա. Արտակ Մովսիսյանը՝ Արայիկ Հարությունյանի գիտական գործունեության մասին (տեսանյութ)
Վարչապետի այն խոսքը, որ Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվելը նշանակում է, որ մարդիկ գնում են ինստիտուտ, սուրճ են խմում, գալիս են տուն, ինձ մոտ տհաճ տպավորություն ստեղծեց: Այս մասին այսօր ասաց ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելած ԵՊՀ դասախոս Արտակ Մովսիսյանը:
Մովսիսյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց որ ամեն տարի գիտությունների ակադեմիան իր կատարած աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացնում, և նշեց, որ սուրճ խմելով չէ, որ հասել են այդ արդյունքին:
Արտակ Մովսիսյանը ներկայացրեց, որ վերջերս տեղի ունեցած դասախոսների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպման ժամանակ լքել է դահլիճը, որից առաջ հինգ կետեր էր առանձնացրել: «Առաջինն այն էր, որ նախագիծը սկզբունքորեն մենք անընդունելի ենք համարում: Անընդունելի էր, որ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները բերում, մեկտեղում են մեկ օրենքի մեջ: Երկրորդ կետում մենք ուշադրություն էինք հրավիրել գիտության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի վրա»,- ասաց նա:
Մովսիսյանը ներկայացեց, որ մյուս կետերում անդրադարձել էր գիտական աստիճանակարգին, ըստ ծրագրի՝ երկաստիճանական համակարգը պետք է փոխարինեն մեկաստիճանականի հետ, որը ըստ Մովսիսյանի՝ կատաստոֆիկ վատ համակարգ է:
Մովսիսյանն անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի գիտական գործունեությանը. «Ի՞նչ է նշանակում թեկնածուականից հետո ԿԳՄՍ նախարարը ոչ մի հոդված չի գրել։ Այստեղ բարոյականության խնդիր կա, ոնց ես գիտության նախարար դառնում՝ աշխատելով ԵՊՀ-ում՝ գիտաուսումնական հաստատությունում՝ զրո պրոդուկցիա տալով, հետո էլ այսօր գիտական քաղաքականություն որոշում»:
Մովսիսյանի խոսքով՝ իր ուսանողներին վիրավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գարեգին Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին․ «Ուսանողները մոտենում, հարցնում էին՝ Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին մասնակցե՞լ է, որովհետև բոլորը գիտեին, որ Ղարաքիլիսայի ճակատամարտին է մասնակցել, վիրավորվել էին»։
Հիշեցնենք, որ պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ էին սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։