Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ցույցերի ֆոնին Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այն ռեժիմը, որն իրականացնում է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն, կանխում է հասարակ մարդկանց սննդի և դեղորայքի ձեռքբերումը` ներառյալ հիվանդներին ու տարեցներին, իրավունք չունի բացահայտ ամբարտավան կերպով հայտնել իրանական ժողովրդին աջակցելու մասին»,- ասել է Զարիֆն ու ԱՄՆ-ի հայտարարությունը որակել «ամոթալի կեղծիք»:
Նա հավելել է, որ օրենքի շրջանակներում բողոքելը ժողովրդի իրավունքն է և «ռեժիմների կեղծավոր աջակցության» կարիքը չունի, քանի որ նրանց իրական նպատակը երկրի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու միջոցով իրենց պահանջներն Իրանին պարտադրելն է:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերն ընթանում են բենզինի գնի թանկացման դեմ: Տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ ակցիայի շրջանակում մեկ մարդ է մահացել: