Երկրորդ խաղակեսում մեզ չբավականցրեց հենակետային գոտում խաղակցվածությունը. «Փյունիկ»-ի մարզիչ
«Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ էր տոնել չեխական «Յաբլոնեց»-ի նկատմամբ: Լարված հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն անդրադարձել է խաղին: Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Խաղը բավականին լավ ստացվեց, «Յաբլոնեց»-ն էլ լավ թիմ է, մենք էլ լավ խաղացինք, առաջին խաղակեսում առավելություն ունեինք, գոլեր խփեցինք, էլի մոտ 5 պահ ունեինք, ընդ որում` գրեթե թույլ չէինք տալիս մեր դարպասին մոտենալ: Հետո բաց թողեցինք նախաձեռնությունը, մեզ մոտ մի փոքր թերացավ հենակետային գոտին:
Էրիկ Վարդանյանը բավականին լավ խաղաց, շատ էր տեղաշարժվում: Իր դերից մի քիչ լավ գլուխ չհանեց Արտակ Եդիգարյանը: Երբ այդ դիրքում Կառլեն Մկրտչյանն է խաղում, Էրիկի համար ավելի հեշտ է լինում. գնդակի վերահսկողությունը լավ է ստացվում: Երկրորդ խաղակեսում մեզ չբավականցրեց հենակետային գոտում խաղակցվածությունը: Նաև մի փոքր հոգնածություն էր նկատվում:
Եդիգարյանն ընդամենը երկրորդ խաղն է անցկացնում, մարզավիճակը դեռ օպտիմալ չէ: Վերջնամասում խաղն այնպես ընթացավ, որ մենք կարող էինք 2 գոլ խփել, նրանք ևս մոտ էին գոլ խփելուն: Այսպես ասած՝ փոխադարձ պահերով խաղ ստացվեց:
Մրցակցի կազմում բարձրահասակ խաղացողներ էին, մեզ մոտ այդ դիրքում Արման Մանուչարյանն է խաղում: Ստանդարտից գոլի դրվագում պարզապես համագործակցությունը չստացվեց: Մենք գրեթե բոլոր ստանդարտները չեզոքացրինք: Այստեղ միայն մի պահ չստացվեց, կորցրինք կենտրոնացումն ու գոլ բաց թողեցինք»,- նշել է Տարխանովը` թիմի խաղը գնահատելով 4 բալով: